Մոտավորապես 25 տարեկանից հետո օրգանիզմը սկսում է ավելի քիչ կոլագեն և էլաստին արտադրել․ հենց այս սպիտակուցներն են պատասխանատու մաշկի առաձգականության և տոնուսի համար։ Գործընթացն աստիճանական է, բայց անխուսափելի․ մաշկը բարակում է, կորցնում խտությունը, ի հայտ են գալիս առաջին կնճիռները։ Պոլիկաթնաթթուն կոսմետոլոգիայի այն սակավաթիվ միջոցներից է, որն աշխատում է հենց այդ պատճառի, այլ ոչ թե դրա հետևանքների հետ։

Ի՞նչ է պոլիկաթնաթթուն
Պոլիկաթնաթթուն (PLLA) կենսաքայքայվող պոլիմեր է, որը ստացվում է կաթնաթթվից՝ նյութից, որը բնականորեն արտադրվում է մարդու օրգանիզմում։ Սա նշանակում է, որ պատրաստուկը լիովին համատեղելի է հյուսվածքների հետ և ժամանակի ընթացքում քայքայվում է նյութափոխանակության անվտանգ արգասիքների՝ ածխաթթու գազի և ջրի, առանց որևէ մնացորդի։
Կոսմետոլոգիայում PLLA-ն աշխատում է այլ կերպ, քան սովորական ֆիլերները։ Հիալուրոնաթթուն լրացնում է տարածությունը և պահում խոնավությունը․ սա արագ, բայց ժամանակավոր արդյունք է։ Պոլիկաթնաթթուն գործում է որպես բիոխթանիչ․ այն ոչ թե պարզապես լցնում է կնճիռները, այլ ստիպում է ֆիբրոբլաստներին՝ կոլագենի, էլաստինի և հիալուրոնաթթվի սինթեզի համար պատասխանատու բջիջներին, ակտիվորեն աշխատել։
Ինչպե՞ս է մեկնարկում կոլագենոգենեզը
Դերմայի մեջ ներարկվելուց հետո պատրաստուկի միկրոմասնիկներն առաջացնում են ցածր ինտենսիվության վերահսկվող բորբոքային ռեակցիա։ Սա ազդանշան է օրգանիզմի համար՝ սկսել վերականգնման գործընթացը։ Ֆիբրոբլաստներն ակտիվանում են և պատրաստուկի մասնիկների շուրջ սինթեզում նոր կոլագենային թելիկներ՝ աստիճանաբար ձևավորելով խիտ կոլագենային կմախք։ PLLA-ի կենսաքայքայմանը զուգընթաց՝ նրա տեղը զբաղեցնում է պացիենտի սեփական կոլագենը։
Հենց այդ պատճառով պոլիկաթնաթթվի արդյունքը համարվում է բնական․ մաշկը երիտասարդանում է սեփական ռեսուրսների, այլ ոչ թե ներարկված նյութի հաշվին։

Ի՞նչ է փոխվում արտաքինում
Նոր կոլագենային թելիկները խտացնում են մաշկը, բարելավում դրա ռելիեֆը և վերականգնում ծավալը այն հատվածներում, որտեղ հյուսվածքները կախվել են։ Նկատելի արդյունքներից են կնճիռների և ծալքերի հարթեցումը, դեմքի օվալի լիֆտինգը, մաշկի տեքստուրայի բարելավումը, ինչպես նաև հետակնեի և սպիների շտկումը։ Բացի այդ, PLLA-ի հիմքով պատրաստուկները խթանում են սեփական հիալուրոնաթթվի արտադրությունը, ինչը բարելավում է մաշկի խոնավացվածությունը ներսից։
Ո՞ւմ է հարմար պրոցեդուրան
Պոլիկաթնաթթուն հարմար է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց՝ մաշկի ցանկացած տեսակի դեպքում։ Այն առավել ցուցված է տոնուսի և առաձգականության նվազման, դեմքի օվալի հստակության կորստի, խորը կնճիռների և ծալքերի դեպքում, ինչպես նաև, երբ ցանկանում եք երկարատև արդյունք ստանալ առանց վիրաբուժական միջամտության։ Հակացուցումներից են հղիությունը, կրծքով կերակրումը, շարակցական հյուսվածքի աուտոիմուն հիվանդությունները և մաշկի սուր բորբոքային պրոցեսները։
Ե՞րբ է ի հայտ գալիս պոլիկաթնաթթվի ներարկումների արդյունքը
PLLA-ից հետո հիասթափության հիմնական պատճառը սխալ սպասելիքներն են։ Պացիենտները սպասում են ակնթարթային արդյունքի, ինչպես հիալուրոնային ֆիլերների դեպքում, սակայն պոլիկաթնաթթուն աշխատում է սկզբունքորեն այլ կերպ։ Այն բիոխթանիչ է․ նրա խնդիրը ոչ թե լրացնելն է, այլ գործընթացը մեկնարկելը։ Եկեք պարզենք, թե ինչպես է արդյունքը զարգանում ժամանակի ընթացքում։
Ներարկումների օրը մաշկը կարող է ավելի ծավալուն երևալ, սակայն դա պայմանավորված է այտուցով և ներարկված լուծույթով, այլ ոչ թե իրական արդյունքով։ Մի քանի օրվա ընթացքում այտուցն անցնում է, և որոշ ժամանակ մաշկը վերադառնում է իր նախկին տեսքին։ Այս պահին շատ պացիենտներ անհանգստանում են, որ պրոցեդուրան չի աշխատել, մինչդեռ իրականում ամեն ինչ նոր է սկսվում։
Ֆիբրոբլաստներին ժամանակ է պետք՝ ներարկված բիոխթանիչին արձագանքելու և նոր կոլագենային թելիկների սինթեզը սկսելու համար։ Առաջին փոփոխությունները՝ մաշկի որակի և տեքստուրայի բարելավումը, թեթև խտացումը, նկատելի են դառնում պրոցեդուրայից մոտավորապես 3–8 շաբաթ անց։ Մաշկն ավելի թարմ է երևում, գույնը հավասարվում է, ի հայտ է գալիս խտության զգացողություն։
Առավելագույն արդյունքը ձեռք է բերվում կուրսի ավարտից 2–3 ամիս անց, երբ կոլագենային կմախքն ամբողջությամբ ձևավորված է։ Հենց այս շրջանում են նկատելի դառնում դեմքի օվալի լիֆտինգը, կնճիռների հարթեցումը և ծավալների վերականգնումը։ Արդյունքը բնական տեսք ունի․ մաշկը փոխվում է աստիճանաբար՝ առանց կտրուկ անցումների։
Որքա՞ն է պահպանվում արդյունքը
Միջինում արդյունքը պահպանվում է 18–30 ամիս՝ զգալիորեն ավելի երկար, քան հիալուրոնաթթվի հիմքով ֆիլերների դեպքում, որոնց ազդեցությունը տևում է 6–12 ամիս։ Դա պայմանավորված է նրանով, որ արդյունքն ապահովում է պացիենտի սեփական կոլագենը, այլ ոչ թե ներարկված նյութը։
Աջակցող պրոցեդուրաները պլանավորվում են առաջնային կուրսից 18–24 ամիս անց։ Այդ ժամանակ կոլագենային կմախքը սկսում է բնականորեն քայքայվել, և 1–2 սեանսից բաղկացած կարճ կուրսը թույլ է տալիս թարմացնել արդյունքը։
Ինչի՞ց է կախված արդյունքի արագությունը
Ժամկետների վրա ազդում են պացիենտի տարիքը, մաշկի սկզբնական վիճակը, ապրելակերպը և պրոցեդուրայից հետո բժշկի խորհուրդներին հետևելը։ Ավելի մեծ տարիքի պացիենտների մոտ ֆիբրոբլաստներն ավելի դանդաղ են աշխատում, ուստի արդյունքը կարող է մի փոքր ուշ դրսևորվել, սակայն պահպանվում է ոչ պակաս կայուն։
Կարելի՞ է պոլիկաթնաթթուն համակցել այլ ներարկումների հետ
Խորհրդատվության ժամանակ հաճախ հնչող հարցերից մեկը․ «Ես արդեն Botox և ֆիլերներ եմ անում․ իմաստ ունի՞ ավելացնել պոլիկաթնաթթու։ Դրանք չե՞ն խանգարի միմյանց»։ Պատասխանը՝ ոչ միայն չեն խանգարի, այլև կուժեղացնեն արդյունքը։ Գլխավորը ճիշտ հերթականություն կառուցելն է։
Պոլիկաթնաթթուն լուծում է մի խնդիր, որը չեն կարողանում լուծել ո՛չ Botox-ը, ո՛չ հիալուրոնային ֆիլերները․ այն վերականգնում է հենց մաշկի որակը՝ դրա խտությունը, կառուցվածքը և կոլագենային կմախքը։ Բոտուլինոթերապիան թուլացնում է մկանները և հարթեցնում դինամիկ կնճիռները։ Ֆիլերները լրացնում են ծավալը և շտկում ուրվագծերը։ PLLA-ն աշխատում է ավելի խորը՝ դերմայի մակարդակում՝ մեկնարկելով նեոկոլագենեզը։ Սրանք տարբեր մեխանիզմներ են, որոնք ոչ թե կրկնում, այլ լրացնում են միմյանց։
Ինչի՞ հետ է համակցվում պոլիկաթնաթթուն
Բոտուլինոթերապիայի հետ — ամենատարածված և արդյունավետ համակցություններից մեկը։ Botox-ը ֆիքսում է միմիկան, PLLA-ն վերականգնում է մաշկի կառուցվածքը։ Միասին դրանք փոխադարձաբար ուժեղացնում են միմյանց ազդեցությունը․ Botox-ի արդյունքն ավելի բնական է երևում ավելի խիտ և առաձգական մաշկի ֆոնին։
Մեզոթերապիայի և բիոռեվիտալիզացիայի հետ — լավ համակցություն մաշկի որակի համալիր բարելավման համար․ մեզոթերապիան հագեցնում է մաշկը ակտիվ բաղադրիչներով, իսկ PLLA-ն մեկնարկում է երկարատև բիոխթանում։
Մեզոթելերի հետ — PLLA-ն և թելերն աշխատում են հյուսվածքի տարբեր շերտերում և փոխադարձաբար ուժեղացնում են լիֆտինգի էֆեկտը։
Ապարատային պրոցեդուրաների հետ — RF-լիֆտինգը և ուլտրաձայնային SMAS-թերապիան լավ են համակցվում պոլիկաթնաթթվի հետ, քանի որ ջերմային ազդեցությունը լրացուցիչ խթանում է ֆիբրոբլաստները։
Ի՞նչը չարժե համատեղել
Խորհուրդ չի տրվում պոլիկաթնաթթուն հիալուրոնային ֆիլերների հետ միաժամանակ ներարկել նույն հատվածում, քանի որ դա կարող է խաթարել պատրաստուկի բաշխումը։ Չարժե նաև մեկ օրում մի քանի ներարկումային պրոցեդուրա կատարել․ ազդեցությունների միջև հյուսվածքներին ժամանակ է պետք վերականգնվելու համար։
Ինչպե՞ս ճիշտ կառուցել հերթականությունը
Ունիվերսալ սխեմա չկա․ պրոտոկոլը միշտ կազմվում է անհատապես։ Որպես կանոն՝ սկզբում կատարվում է բոտուլինոթերապիա կամ ֆիլերներով շտկում, իսկ PLLA-ի կուրսը սկսվում է 2–3 շաբաթ անց։ Հնարավոր է նաև հակառակ հերթականությունը։ Հիմնական պայմանը մեկ բժիշկն է, որը տեսնում է ամբողջական պատկերը և ղեկավարում բուժման բոլոր փուլերը։
Եթե ցանկանում եք պարզել՝ արդյոք այս պրոցեդուրան հարմար է Ձեզ, գրանցվեք «ՄեդԷսթ»-ի կոսմետոլոգ-բժշկի խորհրդատվության։ Մասնագետը կկազմի բուժման անհատական պլան՝ հաշվի առնելով Ձեր մաշկի վիճակը և Ձեր նպատակները։



