Պիգմենտային բծերը կարծես հայտնվում են հանկարծակի․ մարդը խնամում է մաշկը, օգտագործում թանկարժեք միջոցներ, իսկ բծերը միևնույն է առաջանում են։ Դրանցից ազատվելու համար կարևոր է նախ հասկանալ, թե որտեղից են դրանք գալիս։
Ինչ է կատարվում մաշկում
Պիգմենտացիան մելանինի՝ մաշկի գույնի համար պատասխանատու պիգմենտի անհավասարաչափ բաշխումն է։ Նորմայում մելանինն արտադրվում է հավասարաչափ և պաշտպանում է բջիջներն ուլտրամանուշակագույն ճառագայթումից։ Երբ այդ գործընթացը խախտվում է, առաջանում են մուգ հատվածներ՝ պիգմենտային բծեր։
Հիմնական պատճառները
Ուլտրամանուշակագույն ճառագայթումը՝ գլխավոր հրահրող գործոն։ Արևն ուժեղացնում է մելանինի արտադրությունը, հատկապես զգայուն մաշկ ունեցող մարդկանց մոտ։ Առանց պաշտպանության արևի տակ մշտապես գտնվելը հանգեցնում է վնասվածքների կուտակման և բծերի ձևավորման։ Ընդ որում՝ կուտակային էֆեկտը կարող է անմիջապես չդրսևորվել․ մարդը տարիներ շարունակ չի պաշտպանում մաշկը, իսկ բծերը հանկարծակի ի հայտ են գալիս 30–35 տարեկանից հետո։
Հորմոնալ փոփոխություններ։ Մելազման՝ պիգմենտացիայի ամենատարածված տեսակներից մեկը, առաջանում է հորմոնալ ֆոնի խախտման պատճառով՝ հակաբեղմնավորիչներ ընդունելիս, հղիության ընթացքում կամ հորմոնափոխարինող թերապիայի ժամանակ։ Մելազմայի բնորոշ առանձնահատկությունը համաչափ բծերն են այտերին, ճակատին և վերին շրթունքին։
Հետբորբոքային պիգմենտացիա։ Հաճախ ի հայտ է գալիս պզուկներից, այրվածքներից կամ վնասվածքներից հետո։ Սա մաշկի պաշտպանական ռեակցիան է բորբոքմանը․ վնասված հատվածում մելանոցիտները սկսում են ուժեղացված աշխատել։ Ժամանակի ընթացքում նման բծերը կարող են ինքնուրույն բացանալ, սակայն հաճախ բուժում են պահանջում։
Սթրես և ներքին խանգարումներ։ Մելանինի արտադրության խափանման համար երբեմն բավական է քրոնիկ սթրեսը կամ թեթև հորմոնալ անհավասարակշռությունը։ Որոշ դեպքերում պիգմենտային բծերի ի հայտ գալն ազդարարում է ներքին օրգանների աշխատանքի խանգարումների մասին, որոնք հետազոտություն են պահանջում։
Տարիքային փոփոխություններ։ 35–40 տարեկանից հետո մաշկի ինքնակարգավորման ունակությունը նվազում է, իսկ ուլտրամանուշակագույն ճառագայթումից կուտակված վնասվածքները սկսում են դրսևորվել լենտիգոյի տեսքով՝ միայնակ կլորավուն բծեր դեմքին, ձեռքերին և դեկոլտեի գոտում։

Ինչու է կարևոր պարզել պատճառը մինչև բուժումը սկսելը
Պիգմենտացիայի բուժման մոտեցումն ուղղակիորեն կախված է դրա պատճառից։ Արևային բծերը, մելազման և պոստակնեն տարբեր պրոտոկոլներ են պահանջում․ այն, ինչ արդյունավետ է մի դեպքում, մյուսում կարող է չաշխատել կամ նույնիսկ վնասել։ Հենց այդ պատճառով պիգմենտացիայի բուժումը միշտ սկսվում է ախտորոշումից։
Ինչն է իրականում օգնում վերացնել պիգմենտացիան
Պիգմենտային բծերի շտկման ամենաարդյունավետ պրոցեդուրաներից մեկը ֆոտոթերապիան է (IPL)։ Ինտենսիվ իմպուլսային լույսը կետային ազդում է մելանինի վրա՝ քայքայելով այն առանց շրջակա հյուսվածքը վնասելու։ Մաշկն աստիճանաբար բացանում է, երանգը հավասարվում է։ Պրոցեդուրան լավ է աշխատում ինչպես արևային պիգմենտացիայի, այնպես էլ տարիքային բծերի դեպքում և հատկապես արդյունավետ է աշուն-ձմեռ ժամանակահատվածում, երբ արևի ակտիվությունը նվազագույն է։ Ֆոտոթերապիան հասանելի է «ՄեդԷսթ» կլինիկայում․ բժիշկ-կոսմետոլոգը անհատապես կընտրի սեանսների քանակը և ազդեցության պարամետրերը։



